«Գետառ գետի վերածնունդը»՝ COP17-ի միջազգային հարթակում
COP17-ի շրջանակում կրթահամալիրը «Կանաչ գոտի․ երկրի զարկերակը» տաղավարում ներկայացրեց իր էկոակումբի «Գետառ գետի վերածնունդը» բնապահպանական ծրագրի շրջանակում իրականացված հետազոտական աշխատանքը՝ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով Երևանի Գետառ գետի էկոլոգիական վիճակին և ջրային ռեսուրսների պահպանության կարևորությանը։
Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ProBleu ծրագրի շրջանակում իրականացվող «Գետառ գետի վերածնունդը» նախաձեռնությունը հաղթող է ճանաչվել ավելի քան 40 երկրի բնապահպանական ծրագրերի շարքում։ ProBleu-ի նպատակն է զարգացնել դպրոցականների ջրային գրագիտությունը, խթանել ջրային էկոհամակարգերի ուսումնասիրությունն ու բնապահպանական խնդիրների լուծմանն ուղղված կրթական նախաձեռնությունները։
Այս շրջանակում կրթահամալիրի էկոակումբի 7–8-րդ դասարանների աշակերտներն իրականացրել են Գետառ գետի էկոլոգիական վիճակի ուսումնասիրություն՝ համադրելով գիտական հետազոտությունը, փորձարարական աշխատանքն ու բնապահպանական գործունեությունը։ Հետազոտության ընթացքում գետի տարբեր հատվածներից հավաքվել են ջրի նմուշներ, իրականացվել կենսաբանական դիտարկումներ, իսկ ստացված նմուշներն ուսումնասիրվել են մանրադիտակի միջոցով։
Կենսաբանության և քիմիայի բնագավառներում կատարված փորձերն աշակերտներին հնարավորություն են տվել գիտական մեթոդներով ուսումնասիրելու գետի էկոլոգիական խնդիրները, բացահայտելու աղտոտման հնարավոր աղբյուրներն ու գնահատելու դրանց ազդեցությունը ջրային միջավայրի վրա։
Գիտահետազոտական աշխատանքը լրացվել է բնապահպանական գործնական նախաձեռնություններով, որոնց միջոցով սովորողները ներգրավվել են շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված համայնքային գործունեության մեջ։ Նրանք մասնակցել են Հրազդանի կիրճի մաքրման, թափոնների տեսակավորման, ծառատունկի և իրազեկման միջոցառումներին՝ հետազոտական գիտելիքը վերածելով գործնական մասնակցության և բնության նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի։
Կատարված աշխատանքի գիտական բաղադրիչն արժանացել է նաև մասնագիտական գնահատանքի․ Գագիկ Գրիգորյանի անվան 3-րդ համադպրոցական գիտաժողովում էկոակումբի թիմը ստացել է «Լավագույն հետազոտական աշխատանք» պատվոգիրը։ Գիտաժողովում աշակերտները ներկայացրել են Գետառ գետի աղտոտման հիմնախնդիրները, դրանց պատճառներն ու հետևանքները՝ առաջադրելով նաև կանխարգելման և բարելավման հնարավոր լուծումներ։
Ծրագրի կրթական և միջազգային համագործակցության ուղղությամբ արձանագրված կարևոր արդյունքներից է կրթահամալիրի՝ Եվրոպական Կապույտ Դպրոցների ցանցի պաշտոնական անդամակցությունը։ Այն նոր հեռանկարներ է բացում ջրի գրագիտության զարգացման, բնապահպանական կրթության խորացման և միջազգային կրթական նախաձեռնություններին մասնակցության համար։
Հետազոտական դիտարկումներն ու աշակերտների առաջարկներն ամփոփվել են ուսումնական գրքույկում։ Ծրագրի ամփոփիչ միջոցառման ընթացքում ներկայացվել են իրականացված աշխատանքներն ու արձանագրված արդյունքները։
COP17-ի հարթակում հետազոտական աշխատանքի ներկայացումը ծրագրի կարևոր հանգրվաններից էր․ այն հնարավորություն տվեց տեղական բնապահպանական հիմնախնդիրը ներկայացնելու միջազգային հանրությանը՝ ընդգծելով դպրոցականների գիտահետազոտական ներուժն ու կրթական հաստատությունների դերը բնապահպանական խնդիրների լուծման գործում։ Իրականացված աշխատանքը ցույց տվեց, որ գիտելիքի ձեռքբերումը, հետազոտական հմտությունների զարգացումն ու համայնքային մասնակցությունը կարող են դառնալ շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված փոխկապակցված և արդյունավետ գործընթացի հիմք։
«Գետառ գետի վերածնունդը» շարունակական բնապահպանական ծրագիր է, որի հիմքում գիտելիքի, հետազոտության և պատասխանատու գործողության միջոցով ավելի մաքուր ու կայուն միջավայր ձևավորելու գաղափարն է։
Ծրագրի հեղինակներ՝ Ռուզաննա Սիմոնյան, Աննա Առուշանյան։
Ծրագրի համակարգող՝ Անժելա Դերձյան։



