«Փոքրիկ Իշխան» կրթահամալիրը նշեց հիմնադրման 25-ամյակը
- Satty Tadevossian
- 2 days ago
- 2 min read
Մայիսի 16-ին «Փոքրիկ Իշխան» կրթահամալիրը նշեց հիմնադրման 25-ամյակը՝ համախմբելով սաներին, տարբեր տարիների շրջանավարտներին, ուսուցիչներին, ծնողներին, գործընկերներին և բարեկամներին։
Քառորդ դարը կարևոր հանգրվան է կրթական հաստատության համար. ժամանակահատված, որի ընթացքում գաղափարները վերածվում են ավանդույթների, ձևավորվում է սեփական կրթական մշակույթը, իսկ տարիների փորձը՝ զարգացման ամուր հիմք։ «Փոքրիկ Իշխանի» 25-ամյակը հենց այդ ճանապարհը վերարժևորելու և կրթահամալիրի ներկան մեկ ամբողջության մեջ ներկայացնելու առիթ էր։
Օրվա առաջին մասը նվիրված էր կրթահամալիրի պատմությանը և տարիների ընթացքում ձևավորված գործընկերային կապերին։ Կայացավ 25-ամյակին նվիրված վավերագրական ֆիլմի պրեմիերան, որը ներկայացրեց կրթահամալիրի ստեղծումը, զարգացման առանցքային փուլերը, կարևոր իրադարձություններն ու մարդկանց, որոնց աշխատանքով ձևավորվել է այսօրվա «Փոքրիկ Իշխանը»։
Հոբելյանի շրջանակում առաջին անգամ հնչեց նաև կրթահամալիրի նոր հիմներգը՝ երգչախմբի կատարմամբ և Կարինե Գալյանի ղեկավարությամբ։ Հիմներգի խոսքերի հեղինակը Մարիաննա Սերոբյանն է, երաժշտության հեղինակը՝ Կարինե Գալյանը։
Առաջին հատվածն ամբողջացրեց «Համագործակցության խճանկար» նախաձեռնությունը՝ խորհրդանշելով այն գործընկերային հարաբերությունները, որոնք տարբեր տարիներին ուղեկցել են կրթահամալիրի գործունեությանը։ Խճանկարի յուրաքանչյուր հատված դարձավ ընդհանուր պատմության մի մաս՝ ընդգծելով փոխադարձ վստահության և երկարաժամկետ համագործակցության նշանակությունը կրթական միջավայրի կայացման գործում։
Օրվա երկրորդ հատվածում միջոցառման բացման խոսքն ու օրհնությունը տրվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քարոզչական կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Զաքարիա Ծայրագույն Վարդապետ Բաղումյանին։ Հոբելյանի անցկացումը Երկրորդ Ծաղկազարդի տոնի նախօրեին օրվան հաղորդեց նաև առանձնահատուկ հոգևոր խորհուրդ։
Կրթահամալիրի տարբեր հարթակներում սաները ներկայացրին ուսումնական նախագծեր, գիտափորձեր և ինտերակտիվ նախաձեռնություններ։ Հյուրերը հնարավորություն ունեցան ոչ միայն մասնակցելու տոնակատարությանը, այլև անմիջականորեն տեսնելու կրթական գործընթացի արդյունքները՝ սովորողների գաղափարները, ստեղծագործ մոտեցումները, հետազոտական հետաքրքրություններն ու գործնական աշխատանքները։ Ազգային երգն ու պարը լրացրին ծրագիրը՝ տոնական միջավայրին հաղորդելով մշակութային առանձնահատուկ շունչ։
Օրվա ամենախորհրդանշական պահերից մեկը սերունդների հանդիպումն էր։ Նույն տարածքում էին նրանք, ովքեր տարիներ առաջ այստեղ աշակերտ էին, և նրանք, ովքեր այսօր են անցնում իրենց դպրոցական ճանապարհը։ Այդ հանդիպման մեջ առավել տեսանելի դարձավ կրթության իրական ազդեցությունը. դպրոցի պատմությունը չի սահմանափակվում շենքով, տարեթվերով կամ առանձին ձեռքբերումներով։ Այն շարունակվում է մարդկանց մեջ՝ նրանց ընտրություններում, մասնագիտական ճանապարհներում, հարաբերություններում և այն փորձառության մեջ, որը նրանք տանում են իրենց հետ դպրոցից հետո։
25-ամյակը նաև հնարավորություն էր տեսնելու, թե ինչպես է տարիների ընթացքում փոխվել և զարգացել կրթահամալիրը՝ պահպանելով իր առանցքային մոտեցումը. կրթությունը գիտելիքի փոխանցումից ավելի լայն գործընթաց է։ Այն միջավայր է, որտեղ երեխան սովորում է մտածել, ստեղծել, համագործակցել, պատասխանատվություն ստանձնել և աստիճանաբար ձևավորել սեփական ճանապարհը։
Մայիսի 16-ի հոբելյանը դարձավ այդ գաղափարի կենդանի արտահայտությունը՝ անցյալը, ներկան և ապագան միավորելով մեկ օրվա մեջ։
25 տարին արդեն «Փոքրիկ Իշխանի» կրթահամալիրի պատմությունն է, իսկ ամենակարևոր մասը դեռ առջևում է։























































