top of page
Կրթահամալիրի պատմությունը

ՄԵՐ ՄԱՍԻՆ

Ողջույնի խոսք

Սիրելի՛ բարեկամներ, 


Ողջունում եմ ձեզ «Փոքրիկ Իշխան» կրթահամալիրի անունից և հրավիրում միանալու մեր կրթական համայնքին։ 
Այս հարթակում դուք կգտնեք տեղեկություններ կրթահամալիրի գործունեության ու գաղափարախոսության, առօրյայի, կրթական ծրագրերի, նախագծերի ու իրականացվող միջոցառումների վերաբերյալ։ 


«Փոքրիկ Իշխան» կրթահամալիրի գործունեությունը նպատակաուղղված է աշակերտի բազմակողմանի, արժեքահեն կրթության կազմակերպմանը, ուսումնառության համար ներդաշնակ միջավայր ստեղծելուն, որտեղ աշակերտն ունի ազատ արտահայտվելու իրավունք, ստեղծագործական կարողություններ ձևավորելու, վերլուծական միտք զարգացնելու հնարավորություն։ 


«Ամենակորևորը աչքով չես տեսնի, միայն սիրտն է սրատես»․ Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի այս խոսքը մեր կրթական փիլիսոփայության հիմնաքարերից է, որի հիմքով մենք ստեղծել ենք կրթական մի միջավայր, որտեղ յուրաքանչյուր երեխա սովորում է ճանաչել իր ներաշխարհը, զարգացնում քննական և վերլուծական մտածողություն, խրախուսվում է նրա ստեղծագործական նախաձեռնողականությունը, կարևորվում է բնության և շրջակա միջավայրի հանդեպ հոգատար վերաբերմունքը։

Ավելի քան 25 տարի կրթահամալիրը իր կարևոր ու արժանահիշատակ խոսքն է ասել կրթության ոլորտում՝ աչքի ընկնելով բազում ձեռքբերումներով, ծրագրերով ու նախաձեռնություններով։ 

Մեր հաջողության ամենավառ վկայությունը մեր բանիմաց շրջանավարտներն են, ովքեր ընդունվում են բուհեր հենց դպրոցում ստացած ակադեմիական գիտելիքի և մասնագիտական կողմնորոշման շնորհիվ։

 

Անհերքելի է, որ ցանկացած շրջանավարտ պետք է կարողանա հստակ ու կողմնորոշված մտնել ժամանակակից հասարակություն ու հարմարվել զարգացման արագ տեմպերին և իրարամերժ միտումներին: Դա պահանջում է ոչ միայն ակադեմիական գիտելիք և տեղեկացվածություն, այլև հարափոփոխ աշխարհում ինքնուրույն կողմնորոշվելու, որոշումներ կայացնելու կարողություն, ազգային ինքնության և ինքնագիտակցության բարձր մակարդակ և սեփական անձի ու երկրի հանդեպ պատասխանատվության զգացում։ 


Մեր կրթահամալիրի համայնքը նման է փոքրիկ իշխանի մոլորակին, որտեղ յուրաքանչյուր անդամ ունի իր կարևոր դերը: Մենք հավատում ենք, որ իրական կրթությունը հնարավոր է լավագույնս կազմակերպել փոխըմբռնման, հարգանքի և համագործակցության մթնոլորտում: Այստեղ յուրաքանչյուր ձայն լսելի է, և յուրաքանչյուր գաղափար՝ արժեքավոր։ 


«Դու հավիտյան պատասխանատու ես նրա համար, ում ընտելացրել ես»: Այս պատասխանատվությամբ մենք կերտում ենք մեր աշակերտների ապագան և հրավիրում ձեզ միանալ մեր կրթական բազմաբովանդակ ճամփորդությանը։ 


Հարգանքով՝ 
Մարիա Արմենակի Խախամյան 
«Փոքրիկ Իշխան» կրթահամալիրի տնօրեն
 

Մարիա Խախամյան

Մեր Պատմությունը

 «Մի՛ մոռացիր, որ հավիտյան պատասխանատու ես նրա համար, ում ընտելացրել ես»
— Անտուան դը Սենտ-Էքզյուպերի

«Փոքրիկ իշխան» կրթահամալիրը հիմնադրվել է 2000 թվականին ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, դոցենտ Անահիտ Գեղամի Սարգսյանի նախաձեռնությամբ։ Նվիրյալ գիտնականը, հայրենասեր ու հմուտ մանկավարժը, կարևորելով կրթական ոլորտի բարեփոխումների անհրաժեշտությունը, կյանքի կոչեց իր տեսլականը՝ հիմնելով ժամանակակից կրթօջախ։

Կրթահամալիրի տեսլականն է ունենալ բազմակողմանի զարգացած, քննադատական մտածողությամբ օժտված, համամարդկային արժեքներով դաստիարակված և հայրենասիրության ոգով տոգորված սերունդ։ Կրթահամալիրում կրթությունը միտված է այնպիսի անձի ձևավորմանը, ով գիտակցում է իր իրավունքներն ու պարտականությունները, կրում է բարձր արժեքային համակարգ և պատրաստ է դառնալ հասարակության ակտիվ անդամ։

 

Հիմնադրման պահին կրթահամալիրը ունեցել է ընդամենը 12 աշակերտ, այսօր այստեղ կրթություն են ստանում  շուրջ 450 սովորող:

Այն իրականացնում է լիցենզավորված գործունեություն/Լիցենզիա թիվ 1108,0049,0834,1020/ հանրակրթության և նախադպրոցական կրթության ոլորտներում:

Կրթահամալիրում ուսուցումը քառաստիճան է՝ նախակրթարան, տարրական, միջին և ավագ դպրոցներ։ Շրջանավարտները ստանում են միջնակարգ կրթության պետական նմուշի ատեստատ։

«Փոքրիկ իշխան»-ի հաջողության գրավականը նաև  փորձառու և նվիրված մանկավարժներն են, այդ թվում՝ գիտական կոչում ունեցող մասնագետներ։

Մեր շրջանավարտները, ստանալով որակյալ կրթություն, հաջողությամբ ընդունվում են ոչ միայն Հայաստանի առաջատար բուհեր, այլև միջազգային հեղինակավոր համալսարաններ՝ դառնալով մրցունակ մասնագետներ։

Փոքրիկ Իշխան» կրթահամալիրը մեր սերնդի համար ջերմ ու բազմաբնույթ առօրյայով մի օջախ է, որտեղ նրանք ոտք են դնում մանկության ոսկե հեքիաթով ու ավարտում այն աշխարհի, սեփական անձի առանձնահատկությունների և ազգային ինքնության ուրույն և վստահ ընկալմամբ:​

Մեր Առանձնահատկությունները

  • հանրակրթական խոր գիտելիքներ 

  • հեղինակային ծրագրեր 

  • օտար լեզուների խորացված ուսուցում / ռուսերեն, անգլերեն, գերմաներեն/ 

  • շերտավոր ուսուցում միջին դպրոցում 

  • հոսքային ուսուցում ավագ դպրոցում 

  • անհատական մոտեցում յուրաքանչյուր երեխային 

  • փոքրաթիվ դասարաններ 

  • դասապատրաստում 

  • հոգեբանի, հատուկ մանկավարժի ծառայություն 

  • արվեստի և սպորտային ստուդիաներ 

  • սովորողների սննդի կազմակերպում

Մեր առաքելությունը

«Փոքրիկ Իշխան» կրթահամալիրի առաքելությունն է ստեղծել անհրաժեշտ պայմաններ աշակերտի բազմակողմանի  ուսումնառության, ներդաշնակ և համակողմանի զարգացման համար, կրթել և դաստիարակել բարոյական բարձր հատկանիշներով օժտված անհատներ:

Մեր արժեքները

Կրթահամալիրի արժեքահեն և արժեքաստեղծ գործունեությունը նախևառաջ ուղղված է աշակերտի՝ ինքնության գիտակցմանն ու բարոյական սկզբունքների ձևավորմանը։

Կրթահամալիրի շրջանավարտի 7 գլխավոր բնութագրիչներն են՝ 

  • ազգային պատկանելությանն ու սեփական ինքնությանը հաղորդ 

  • իրավագիտակից և պատասխանատու 

  • քննական մտածող և վերլուծող 

  • նախագծող և հետազոտող 

  • ինքնուրույն որոշում կայացնող 

  • հոգատար ու ապրումակցող 

  • համագործակցող և հաղորդակցվող

Դպրոցի առաքելությունը

Մեր Աշխատակազմը

Աշակերտական խորհուրդ

Աշակերտական խորհուրդը հանդիսանում է դպրոցի խորհրդակցական մարմիններից մեկը իր Կանոնադրությամբ։
Այն օգնում է աշակերտներին կիսվել իրենց կարծիքներով, մտքերով և հետաքրքրություններով, բարձրաձայնել համայնքում առկա խնդիրները և գտնել դրանց լուծումները, հանդես գալ նախաձեռնություններով, իրականացնել տարաբնույթ ծրագրեր ու նախագծեր:

Խորհուրդը կազմված է 8֊ից 12֊րդ դասարաններից ընտրված աշակերտներից, այն ունի նախագահ, ով ընտրվում է անդամների կողմից, ինչպես նաև կանոնակարգ։

Խորհուրդը բաղկացած է հինգ հանձնախմբերից` Տեղեկատվական, Ռազմամարզական, Սոցիալ-Իրավական,Կարգապահական և Կրթամշակութային։

Շրջանավարտների ակումբ

Շրջանավարտների ակումբ

Ավելի քան երկու տասնամյակ «Փոքրիկ Իշխան» կրթահամալիրը ճանապարհ է հարթել շուրջ 350 շրջանավարտի համար, որոնցից յուրաքանչյուրն այսօր մեր պատմության ու արժեքների կրողն է։

Կրթահամալիրի հիմնադրումից 3 տարի անց բացվեց ավագ դպրոցը, և արդեն 5-րդ տարում մենք հպարտությամբ ճանապարհեցինք առաջին շրջանավարտներին։ Այդ օրվանից մինչ այսօր մեր կապը շրջանավարտների հետ եղել է շարունակական ու խորքային՝ հավատարիմ կարգախոսին՝ «Մի՛ մոռացիր, որ հավիտյան պատասխանատու ես նրա համար, ում ընտելացրել ես»։

Շրջանավարտները կրթահամալիրի կարևոր հիմնասյուներից են՝ ակտիվորեն մասնակցելով մեր նախաձեռնություններին ու միջոցառումներին։ Այս նպատակով ստեղծվել է «Շրջանավարտների ակումբը», որը դարձել է համագործակցության ու ստեղծարար աշխատանքի հարթակ։

 

Նրանք վերադառնում են որպես մենթորներ՝ աջակցելով նոր սերնդին մասնագիտական կողմնորոշման և կարիերայի պլանավորման հարցերում։

«Փոքրիկ Իշխան» կրթահամալիրի շրջանավարտները մեր պայծառ գալիքի վառ ապացույցն են, նրանք հաստատուն քայլերով առաջ են գնում, կառուցելով մի հասարակություն, որտեղ գիտելիքը, արժեքները և պատասխանատվությունը հենասյուներ են։ Մենք հավատում ենք՝ նրանցից յուրաքանչյուրը դեռ իր յուրահատուկ, հզոր խոսքը կասի մեր երկրի զարգացման ճանապարհին՝ դառնալով արժանապատիվ քաղաքացի։

 Հաջողված պատմություններ

  • Facebook
  • Instagram
bottom of page