
ԱՎԱԳ ԴՊՐՈՑ
«Փոքրիկ Իշխան» կրթահամալիրի ավագ դպրոցում աշակերտի ուսումնառությունը կազմակերպվում է նրա ընտրած հոսքային ուղղվածությամբ:
Կրթական գործընթացն իրականացվում է տեխնիկապես հագեցած լաբորատորիաներում և ուսումնական սրահներում՝ զուգակցված տեղեկատվական տեխնոլոգիաների լայն կիրառմամբ։

Ուսումնական ծրագրերը մշակված են՝ հաշվի առնելով ինչպես պետական կրթական չափորոշիչներն ու բուհերի ընդունելության պահանջները, այնպես էլ աշակերտների անհատական պահանջներն ու հետաքրքրությունները:
Հիմնական կրթական ծրագիրից զատ, յուրաքանչյուր աշակերտի համար կազմվում է անհատական ուսումնական պլան, որն օգնում է նրան նպատակային պատրաստվել նախընտրած բուհի ընդունելության քննություններին:
Այս մոտեցման շնորհիվ աշխատասեր և ընդունակ աշակերտները կարողանում են հաջողությամբ ընդունվել ցանկացած բարձրագույն ուսումնական հաստատություն՝ առանց կրկնուսույցների օգնության:
Հիմնական և անհատական ուսումնական ծրագրերից բացի, աշակերտներին առաջարկվում է լրացուցիչ դասընթացների ցանկ, որոնցից նրանք կարող են ընտրել՝ ելնելով սեփական հետաքրքրություններից և մասնագիտական կողմնորոշումից:
Ժամանակակից հասարակությունը շրջանավարտից պահանջում է խնդիրներն ինքնուրույն լուծելու ունակություն, կյանքի փոփոխվող պայմաններին հարմարվելու հմտություններ, ինքնուրույն անհրաժեշտ գիտելիքներ ձեռք բերելու կարողություն և դրանք գործնականում կիրառելու ճկունություն՝ կյանքում սեփական տեղը գտնելու և հաջողության հասնելու համար:
Ավագ դպրոցի գլխավոր խնդիրներից է նաև սովորողների մասնագիտական կողմնորոշման ձևավորումը՝ նրանց անձնային ինքնորոշմանը նպատակաուղղված աշխատանքի և հոգեբանական պատրաստվածության մակարդակի բարձրացման միջոցով:
Մեր շրջանավարտը պետք է կարողանա վստահ ու կողմնորոշված մտնել ժամանակակից հասարակություն և հարմարվել զարգացման արագ տեմպերին ու բազմազան միտումներին: Դա պահանջում է ոչ միայն գիտելիքների բավարար պաշար, այլև ինքնուրույն կողմնորոշվելու, որոշումներ կայացնելու կարողություն, պատասխանատվության և ինքնագիտակցության բարձր մակարդակ:
Ավագ դպրոցի ուսուցման կարևոր բաղադրիչներից է նախագծային ուսուցումը: Աշակերտները իրականացնում են խմբային հետազոտական նախագծեր տարբեր գիտական և կիրառական ոլորտներից:
Ավագ դպրոցի մեր աշակերտները յուրացնում են կրթության արվեստը՝ հաղորդակցվել, համագործակցել, մտածել քննադատաբար, կառուցել փաստարկված մտքեր, բանավիճել և պաշտպանել սեփական տեսակետը:
Կրթահամալիրի ավագ դպրոցում դասավանդում են հմուտ և փորձառու մանկավարժներ, գիտական աստիճան և կոչում ունեցող դասախոսներ:


















