Տիգրան Համբարձումյան․ փայլուն հաղթանակ և նոր նվաճումներ
«Փոքրիկ Իշխան» կրթահամալիրի 14-ամյա սան, ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Համբարձումյանը շարունակում է իր հաջող ելույթները հայկական և միջազգային շախմատային հարթակներում։
Օգոստոսի 18-ին Chess.com-ի հեղինակավոր Titled Tuesday առցանց մրցաշարում Տիգրանը գրանցել է իր կարիերայի ամենանշանակալի հաղթանակներից մեկը՝ հաղթելով աշխարհի թիվ մեկ շախմատիստ, աշխարհի բազմակի չեմպիոն Մագնուս Կառլսենին։Այս հաղթանակը Տիգրանի երկարամյա հետևողական աշխատանքի հերթական կարևոր արդյունքն է։
Շախմատով նա զբաղվում է երեք տարեկանից և դեռ վաղ տարիքից մասնակցել է Հայաստանի, Եվրոպայի և աշխարհի տարբեր մրցաշարերի։Մինչև Հայաստան տեղափոխվելը Տիգրանը մասնակցել է Ուկրաինայում անցկացվող մրցաշարերի, դարձել Կիևի չեմպիոն և արժանացել մի շարք մրցանակների։
Հայաստանում նա հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո՝ շարունակելով իր մարզական առաջընթացը։ 2022–2023 թվականներին Բաթումիում, Փոթիում և Թուրքիայում անցկացված մրցաշարերում Տիգրանը գրանցել է բարձր արդյունքներ՝ զբաղեցնելով համապատասխանաբար 3-րդ, 2-րդ և 9-րդ տեղերը։ Նա նաև առաջին տեղն է զբաղեցրել Տիգրան Պետրոսյանին նվիրված մրցաշարում։
2024 թվականը Տիգրանի համար ևս նշանավորվել է մի շարք կարևոր ձեռքբերումներով։ Նա առաջին տեղն է զբաղեցրել Հայաստանի արագ շախմատի առաջնության կիսաեզրափակիչում, հաջող ելույթ է ունեցել Կարեն Ասրյանին նվիրված մրցաշարում, ինչպես նաև դարձել է Հայաստանի պատանիների և աղջիկների առաջնության մրցանակակիր։Նույն տարվա հուլիսի 3–11-ը Տիգրանը մասնակցել է Ստեփանավանի շախմատային ճամբարին և գրոսմայստերների դասընթացներին՝ շարունակելով կատարելագործել իր շախմատային գիտելիքներն ու խաղային հմտությունները։
Տարիների հետևողական աշխատանքի կարևոր հանգրվաններից էր 2025 թվականին ՖԻԴԵ-ի վարպետի կոչման նվաճումը։Նույն թվականին Տիգրանը հաջողությամբ հանդես է եկել նաև Եվրոպայի պատանեկան առաջնությունում՝ մինչև 14 տարեկանների խմբում նվաճելով արծաթե մեդալ։ Առաջնության շրջանակում անցկացված բաց արագ շախմատի մրցաշարում նա դարձել է հաղթող՝ 9 հնարավորից վաստակելով 8 միավոր։ Մրցաշարին մասնակցել է 288 շախմատիստ 40 երկրից։
2026 թվականին Տիգրանը շարունակել է բարձր արդյունքներ գրանցել նաև մեծահասակների մրցաշարերում։ Ապրիլին Լեհաստանի Կատովիցե քաղաքում անցկացված Եվրոպայի անհատական առաջնությունում նա գրանցել է 6,5 միավոր և լրացրել միջազգային վարպետի երկրորդ նորմը։
Տիգրանի շախմատային ճանապարհը շարունակվում է՝ նոր մրցաշարերով, նոր փորձով և նոր նպատակներով։ Նրա գրանցած արդյունքները վկայում են երիտասարդ շախմատիստի աշխատասիրության, նպատակասլացության և շարունակական զարգացման մասին։
«Փոքրիկ Իշխան» կրթահամալիրը հպարտանում է իր սանի ձեռքբերումներով և մաղթում Տիգրանին նոր հաղթանակներ, միջազգային բարձունքներ և հաջողություններով լի ճանապարհ։



