Տոնում ենք Տյառնընդառաջը

  Տյառնընդառաջ/Տրընդեզն անշարժ տոն է, հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին այն նշում է փետրվարի 14-ին, տոնը սկսվում է երեկոյան, երբ եկեղեցական կարգի համաձայն՝ երեկոյան ժամերգությունից հետո փոխվում է օրը, կատարվում է նախատոնակ:
  Երբ 40-օրական Հիսուսին ծնողները տարել են տաճար, նրանց ընդառաջ է եկել Սիմեոն ծերունին: Այստեղից էլ տոնի անունը՝ Տիրոջն ընդառաջ՝ Տյառնընդառաջ գնալ:
  Միանալով օրվա խորհրդին՝ փետրվարի 13-ին վառվող խարույկի ծխին էր խառնվել «Փոքրիկ Իշխան» կրթահամալիրի բակում տիրող տոնական մթնոլորտը: 6(ա) դասարանի աշակերտները ներկայացրեցին Տյառնընդառաջի խորհուրդն արտահայտող ծեսերն ու ազգային ավանդույթները: Տոնական սեղանը ևս զարդարված էր ավանդական աղանձով ու փոխինդով, ընդեղենով ու չրերով: Իսկ կրակի շուրջ հավաքված աշակերտներն ու ուսուցիչները երգ ու պարով ավելի էին ջերմացնում տոնական մթնոլորտը: Միջոցառման ավարտին բոլորը՝ փոքրից մեծ, ուրախ, զվարթ ցատկեցին կրակի վրայով: