Day: February 3, 2019

«Поющая Азбука» մյուզիքլ (2-րդ դասարան)»
«Поющая Азбука» մյուզիքլ (2-րդ դասարան)»

«Փոքրիկ Իշխան» կրթահամալիրում ամանորյա բարձր տրամադրությունը և մեկը մեկին հաջորդող գեղեցիկ ու ինքնատիպ միջոցառումները շարունակվում են. ամանորյա հեքիաթին համահունչ՝ միևնույն ժամանակ տարբերվող, ճանաչողական ու ուսուցողական։ Հերթական բեմելը 2-րդ դասարանցիներինն էր։ Մեր սաները ռուսաց լեզվով ներկայացրին Արեգ Լուսինյանի «Поющая Азбука» ամանորյա մյուզիքլը։ Հիացմունքի էր արժանի երեխաների հստակ խոսքն ու ամեն տառին բնորոշ գեղեցիկ կեցվածքը, վառ ու պայծառ կերպարները, երգն ու պարը, Ձմեռ պապն ու բազում նվերները, իսկ դահլիճում տիրող բարձր տրամադրությունը վկայում էր կայացած միջոցառման մասին։ Մեր ուսուցիչների համատեղ ու տքնաջան աշխատանքի արդյունքում ականատես եղանք և՛ գիտելիքի գեղեցիկ մատուցման, և՛ ամանորյա ամենագունեղ հեքիաթի, իսկ մեր սաներն իրենց անկրկնելի ելույթով իրական տոն ստեղծեցին ներկաների համար։

«Ամանորյա դիմակահանդես (8-12-րդ դասարան)».
«Ամանորյա դիմակահանդես (8-12-րդ դասարան)».

Կրթահամալիրում արդեն գեղեցիկ ավանդույթ է դարձել՝ տարեմուտին կազմակերպել ամենաուրախ ու անակնկալներով լի ամանորյա դիմակահանդես։ Այս տարի ևս, չխախտելով ավանդույթը, 8-12-րդ դասարանների աշակերտները, ուսուցիչներն ու մեր նախկին շրջանավարտները համախմբվել էին՝ տոնական օրվան միանալու և միասին ճանապարհելու անցնող տարին։ Գեղեցիկ, ուրախ, տպավորիչ կատարումներ, խաղեր, մրցույթներ, պարային համարներ, բարձր ու տոնական մթնոլորտ, հրաշալի տրամադրություն։ Հիշարժան ու տոնական օր, որն իրապես երկար կհիշվի՝ թողնելով անմոռաց, հաճելի ու դրական հուշեր։ Շնորհավորում ենք բոլորին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ՝ մաղթելով առողջության, խաղաղության, հաղթանակներով և վառ տպավորություններով լի տարի։