Month: April 2019

Զատկի տոնն «Փոքրիկ Իշխան» կրթահամալիրում
Զատկի տոնն «Փոքրիկ Իշխան» կրթահամալիրում

Ունենք գույն-գույն ձվիկներ,
Դեղին, կանաչ ու կարմիր,
Զատկի տոնն ենք մենք նշում,
«Փոքրիկ Իշխան» դպրոցում…
  Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը՝ Զատիկը, «Փոքրիկ Իշխան» կրթահամալիրի բազմաժանր տոների ցանկում այևս իր գունեղ ու յուրատեսակ տեղը կզբաղեցնի։ Հրաշալի ու ինքնատիպ մի տոնախմբություն, որն տեղի ունեցավ մեր կրթահամալիրում, իր տեսակով տարբերվող ու բացառիկ էր։ Զատկական մշակույթը համակել ու հավաքել էր բոլորին՝ թե՛ աշակերտներին, թե՛ ուսուցիչներին, թե՛ ծնողներին և թե՛ մեր դպրոցի լավ ու հարազատ բարեկամներին։
  Ամբողջովին զատկական շունչն էր թևածում դպրոցում, իսկ գարնանային ու զատկական գույները դպրոցի միջանցքներում իսկական շուրջպար էին բռնել՝ տարածվելով ու տոնական տրամադրությունը փոխանցելով բոլոր ներկաներին։ Ամեն մի դասարան ներկայացավ իր ինքնատիպ ու գեղեցիկ զատկական սեղանով՝ երեխաների ձեռքի թեմատիկ աշխատանքներով, տոնին բնորոշ ավանդական ուտեստներով, բացառիկ ու յուրօրինակ իրերով, ջերմությամբ ու բարությամբ, սիրով ու խնդությամբ։
  Ներկաները ականատես եղան հայկական ավանդական ծիսակատարության թատերական փոքրիկ ներկայացման, զատկական խաղիկների, երգ ու պարի, ավանդական պատմությունների ու հետաքրքիր տեղեկությունների։
  Շրջայց տոնախմբությունն իրականում երկար ու քրտնաջան աշխատանքի արդյունքն էր․ մեր ուսուցիչներն ու երեխաները մեծ ոգևորությամբ ու պատասխանատվությամբ էին մոտեցել տոնի խորհրդին և առավել քան գեղեցիկ ներկայանալու կարևոր խնդրին։
  Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր օգնեցին և աջակցեցին մեզ այսօրվա փայլուն ու վառ տոնախմբությունն իրականացնելու համար։
  Շնորհակալ ենք մեր բոլոր ուսուցիչներին, հատկապես դպրոցի գեղ․ ղեկավար Մարգարիտ Շահվալադյանին, տեխնոլոգիայի ուսուցչուհի Հասմիկ Աբրահամյանին, նկարչության ուսուցչուհի Բիայնա Ասրյանին, Աիդա Սահակյանին և բոլոր այն ծնողներին, ովքեր օգնեցին ու աջակցեցին մեզ։
  Հին հայկական տոներն ու ավանդույթները շարունակվում են և գեղեցիկ մատուցվում՝ ի դեմս մեր սրտացավ ու գիտակ մանկավարժների։

«Լույսի մոլորակ» մոր և մանկան էքսպո-կոնֆերանս
«Լույսի մոլորակ» մոր և մանկան էքսպո-կոնֆերանս

  Մարտի 23-ին կայացավ «Լույսի մոլորակ» մոր և մանկան էքսպո-կոնֆերանսը, որի փոքրիկ, գողտրիկ ու հյուրընկալ անկյուններից մեկը զբաղեցնում էր մեր կրթահամալիրի տաղավարը:
  Ջերմ ու անկաշկանդ մթնոլորտ, յուրօրինակ ձեռքի աշխատանքներ,էկո զարդեր և պայուսակներ, չկրկնվող հուշանվերներ և այս ամենի հետ մեկտեղ՝ հետաքրքիր անակնկալներ և բազմազան խաղեր, անսահման ուրախ մայրիկներ ու փոքրիկներ:
  Առավել տպավորիչ էր մեր կրթահամալիրի թատերական ստուդիայի սաների փայլուն ելույթը, որի ժամանակ ներկա էր նաև ՀՀ վարչապետի տիկին՝ Աննա Հակոբյանը: Իսկապես, մեր աստղերը փայլեցին իրենց անզուգական խաղով՝ մեծ ոգևորություն և հաճելի պահեր պարգևելով ներկաներին:

«Կլիմայական արկղիկ»
«Կլիմայական արկղիկ»

  Ուրախությամբ հայտնում ենք, որ «Փոքրիկ Իշխան» կրթահամալիրը «Կլիմայական արկղիկ» բնապահպանական ծրագրի մրցութային փուլի՝ «Ածխածնի հետքի նվազեցումը» անվանակարգում գրավել է 1-ին տեղը:
  Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի և ԿԳ նախարարության կողմից՝ ՌԴ ֆինանսական օժանդակությամբ: Ծրագիրն իր մեջ ներառում է ուսումնախաղային նյութերի գործիքատուփ, որի հիման վրա երեխաները ստանում են գիտելիքներ կլիմայի փոփոխության, նրա ազդեցության և ապագայում մարդկանց ադապտացվելու մասին: Ծրագրի մրցույթային մասի նպատակն է՝ դպրոցականներին ընդգրկել նախագծային հետազոտական աշխատանքների մեջ՝ կլիմայի փոփոխության խնդիրները լուծելու համար:
  Մեր կրթահամալիրի էկո-խմբակի սաները՝ ուսուցչուհի Ռուզաննա Սիմոնյանի ղեկավարությամբ, նախագիծ էին ներկայացրել մրցույթի «Ածխածնի հետքի նվազեցումը» անվանակարգում:
  Մարտի 22-ին մրցույթի շնորհանդեսին կրթահամալիրի թիմը, և մասնավորապես 7-րդ դասարանի աշակերտ ՝ Դավիթ Նավասարդյանը ռուսերենով գեղեցիկ ու հետաքրքիր ներկայացրեցին իրենց կատարած աշխատանքի մանրամասները: Արդյունքում՝ նախագիծը հաղթեց ոչ միայն ազգային, այլ նաև անցավ միջազգային փուլ, որը տեղի կունենա Ղազախստանի Ալմաթի քաղաքում ապրիլի 24-27-ը:
  Շնորհավորում ենք Դավիթ Նավասարդյանին, ինչպես նաև նախագծի մասնակից աշակերտներին, ուսուցիչներ՝ Ռուզաննա Սիմոնյանին և Աիդա Աբաջյանին՝ հրաշալի աշխատանքի և հաղթանակի կապակցությամբ:
  Հատուկ շնորհակալություն ժյուրիի անդամներին և ծրագրի համակարգողներ՝ Արմինե Պողոսյանին և Արմինե Արշակյանին: