Գրքասեր ու գրքառատ տոն

 «Փոքրիկ Իշխան» կրթահամալիրում հրաշալի ավանդույթ է ձևավորվել՝ ամեն տարի ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն առավել հագեցած, գրքաշատ ու յուրօրինակ տոն դարձնել բոլորի համար:
  Դպրոցի գրքառատ անկյունն այսօր առավել քան հյուրընկալ էր. զուգված տոնի խորհրդով, իր գունեղ բազմաբովանդակ անկյուններով, գրքերի բազմատեսակ գրավչությամբ:
  Ամեն մի դասարան յուրովի էր պատրաստվել տոնին ու մեկը մյուսին պատգամելով գրքի կարևորությունը՝ միմյանց հանձնեցին բազնաժանր ու բազմաբովանդակ գրքեր: Իրենց նվերներն էլ ամբողջացրին գեղեցիկ ու տպավորիչ ելույթներով՝ թումանյանական շնչով ու ոգով: Ամեն մի դասարան նաև գեղեցիկ անակնկալներ էր պատրաստել դպրոցի գրադարանին ՝ նվիրելով իրենց իսկ ձեռքով պատրաստած գրքեր, նկարազարդ պաստառներ, բացառիկ ու ինքնատիպ աշխատանքներ:
  Սիրելի՛ աշակերտներ, «Փոքրիկ Իշխան» կրթահամալիրը շնորհավորում է բոլորիդ այս ուսանող, գրքասեր ու գրքառատ տոնի առթիվ:
  Թող այն թանկարժեք պարգևը, որ կրում են իրենց էջերում գրքերը, և այն կարևոր արժեքները, որոնք ամփոփված են գրքերի էջերում ձեր մշտական ուղեկիցն ու խորհրդատուն լինեն՝ կյանքում բանալով բազում դռներ: