Բազմաբնույթ մտածողություն. Լեզվի ուսուցման կոմպլեքս մեթոդ
- Փոքրիկ Իշխան կրթահամալիր
- Nov 18, 2024
- 3 min read
Updated: Apr 25
Լեզվի ուսուցման կոմպլեքս մեթոդը երկար տարիներ է, ինչ մեծ արդյունավետությամբ կիրառվում է մեր կրթահամալիրում: Այն կիրառվում է ոչ միայն մայրենի լեզվի տառուսուցման ժամանակ, այլ նաև՝ օտար լեզուների, և որպես վերջնարդյունք՝ տարեվերջին մեր կրթահամալիրի փոքրիկ սաները ներկայացնում են Արեգ Լուսինյանի <<Երաժշտական այբուբենը>>:

Բազմաբնույթ մտածողության տեսության հիմնադիրը Հովարդ Գարդներն է: Նա կրթությունը ստացել է նախ որպես հոգեբան, այնուհետև՝ նյարդահոգեբան:
Հ. Գարդները երկար տարիներ աշխատել է այս տեսության շուրջ : Այն կյանքի է կոչվել 1980-ական թվականների սկզբին և արդեն կիրառվում, զարգանում և հիմնավորվում է աշխարհի տարբեր երկրներում՝ ապահովելով մտածողության բարձր մակարդակ: Հ. Գարդների տեսության էությունն է .
Գիտելիքների ձեռք բերման բազմազանությունը
Մարդկանց միջև տարբերությունների ընդունումը
Անհատականության և ինքնուրույնության պահպանումը
Ուսուցման համապատասխանեցումը մարդու մտածողության հնարավորություններին
Ուսումնառության դյուրինությունը և հարմարավետությունը
Հ. Գարդները առաջարկում է ուսուցումը համապատասխանեցնել մարդու մտածողության հնարավորություններին և դրանք առավելագույնս օգտագործել գիտելիքների յուրացման ընթացքում՝ ուսումնառությունը երեխայի համար դարձնելով ավելի արդյունավետ , հարմար և իր ընկալումներին համապատասխան:
Այս տեսությունը հիմնվում է մարդու զգայարանների և խառնվածքի վրա:
Ըստ Գարդների՝ մարդկանց հատուկ են մտածողության 7 ձևեր, որոնք տարբեր մարդկանց մոտ տարբեր կերպ են դրսևորվում: Կարևորն այն է, որ յուրաքանչյուր երեխա հնարավորություն կունենա իր համար առավել դյուրին եղանակով ընկալել ուսուցանվող նյութը՝ միաժամանակ զարգացնելով իր մյուս հնարավորությունները, այսինքն՝ մտածողության մյուս ձևերը:
Այսպիսով, հիմնվելով մարդու զգայարանների և խառնվածքի վրա՝ Հ. Գարդները առանձնացրեց մտածողության հետևյալ 7 ձևերը՝
մաթեմատիկական- տրամաբանական
լեզվական
տարածական
մարմնաշարժողական
երաժշտական
միջանձնային
ներանձնային
Ընկալման, մտածողության և դրսևորման տարբեր կողմերի միաժամանակյա ակտիվացումը հնարավորություն է ընձեռում ձևավորել ճիշտ, օբեկտիվ, իրականությանը համապատասխանող մտապատկեր:
Այս տեսության առաջամարտիկներից ամերիկացի մանկավարժ և հոգեբան Թոմաս Արմսթրոնգը առաջնորդվում է այն համոզմունքով, որ բոլոր երեխաներն էլ ի ծնե օժտված են: Յուրաքանչյուր երեխա լույս աշխարհ է գալիս իր առանձնահատուկ ներուժով, որը եթե լավ զարգացնենք, կարող է ծառայել ի բարօրություն ամբողջ աշխարհի: Ծնողների և ուսուցչի մեծ դերն է հայտնաբերել երեխայի թաքնված տաղանդը, երևան հանել այն, կրթել, դաստիարակել և հաջողություններով պսակել:
Հիմնվելով Հ. Գարդների տեսության վրա ՝ հայտնի հոգեբան Քեյթ Ռոջերսը ձևակերպել է , որ .
մտածողությունը եզակի չէ, այն բազմաբնույթ է
յուրաքանչյուր մտածողություն յուրահատուկ, բացառիկ կառույց է
մտածողության բոլոր տեսակները շարժուն(դինամիկ )բնույթ ունեն
մտածողության որևէ տեսակ առանձին հազվադեպ է հանդիպում
մտածողության այս կամ այն ձևի դրսևորումը նպաստում է մտածողության մյուս ձևերի զարգացմանը
յուրաքանչյուր անհատ կարող է հայտնաբերել և զարգացնել իր մտածողության բազմազանությունը
Այն իրողության գիտակցումը, որ յուրաքանչյուր անհատ իրեն կարող է դրսևորել միանգամայն տարբեր բնագավառներում , և մի բնագավառում դրսևորած ընդունակություններն ամենևին չեն բացառում մեկ այլ բնագավառում ուժեղ կամ թույլ լինելը : Նա նույնպես մերժում է այն կարծիքը, որ մարդն ի ծնե <<խելոք>> կամ <<հիմար>> է լինում:
Սակայն կան այս տեսության հետ չհամաձայնող մարդիկ, ովքեր ընդգծում են , որ քիչ են մտածողության ձևերը, տեսության մեջ չի ներառվել ճանաչողական տեսությունը, թե ինչպես են մարդիկ տեղեկատվություն ստանում աշխարհի մասին, ինչպես է այդ տեղեկատվությունը ներկայացնում , ինչպես է այն պահվում հիշողության մեջ և վերածվում գիտելիքի, և վերջապես ինչպես է այդ գիտելիքն ազդում մեր ուշադրության և վարքի վրա: Որքան ավելի խորն ենք ճանաչում կոմպլեքս մեթոդը, այնքան ցայտուն կերպով տեսնում ենք առաջադրված յոթ բաղադրիչների փոխկապակցությունը, որոնք ամբողջացնում են սովորողի կուտակած փորձը:
Տառուսուցման ընթացքում կիրառվող լեզվի ուսուցման կոմպլեքս մեթոդը թույլ է տալիս բացահայտել մարդու հատուկ ընկալման, մտածողության ձևերը և դրան համապատասխան կառուցել ուսուցման գործընթացը:
Այսպիսով, մեր կրթահամալիրի սաները տառերը սովորում են բազմաբնույթ մտածողության տեսության կոմպլեքս մեթոդի շնորհիվ: Երեխան հնչյուն- տառը սովորում է՝ այդ տառը երևակայությամբ պատկերելով , տառը հավաքում և ստանում է երկրաչափական պատկերներով, ծեփամածիկով ծեփում է այն, սովորում է այդ հնչյուն- տառի երգը և պարուսույցի հետ համապատասխան պարային շարժումներով բեմադրում է: Ընդգծեմ, որ մեր կրթահամալիրի սաները այս ամենին զուգահեռ իրենց բոլոր զգայարանները աշխատեցնում և զարգացնում են կավի միջոցով, և այս ամենը իրականացվում է մայրենի լեզվի ուսուցմանը զուգահեռ:
Նյութի հեղինակ`
<<Փոքրիկ Իշխան>> կրթահամալիրի դասվար՝ Ելենա Գրիգորյան






