
Նախագծային Ուսումնառություն
Ժամանակակից կրթական համակարգի անբաժանելի բաղադրիչ է հանդիսանում նախագծային ուսուցումը, որը "Փոքրիկ Իշխան" կրթահամալիրում ներդրվել է 2020 թվականից։ Նախագծային ուսումնառության մեթոդը որևէ հիմնախնդրի մանրամասն մշակմամբ ուսուցման նպատակներին հասնելու եղանակ է, որը պետք է ավարտվի շոշափելի գործնական արդյունքով։ Ուսումնական նախագծեր իրականացնելիս սովորողն անմիջականորեն ներառվում է ակտիվ իմացական գործընթացների մեջ․ ընտրվում է պրոբլեմային տիրույթը, ինքնուրույն ձևակերպում է խնդիրը, իրականացնում անհրաժեշտ տեղեկույթի հավաքագրում, պլանավորում է խնդրի լուծման տարբերակներ, եզրակացություններ է անում, վերլուծում է սեփական գործունեությունը և արդյունքում ձեռք բերում նոր գիտելիքներ և կենսափորձ։ Նման գործունեության մեջ դրսևորվում են ուսումնական աշխատանքի հանդեպ սովորողների թիմային աշխատանքի կարողությունները, աշխատանքի որակի համար պատասխանատվություն վերցնելու կամքը։ Նախագծային ուսուցման գործընթացը դուրս է ուսումնական առարկայի սահմաններից և ընդգրկում է սովորողին հետաքրքրող ոլորտը։ Ուսուցման մեթոդի նպատակն է նախընտրած հիմնախնդրի լուծման գործընթացում ինքնուրույն ձեռք բերել գիտելիքներ։ Նախագծային ուսուցումը հնարավորություն է տալիս աշակերտներին զարգացնելու իմացական կարողությունները, ինքնուրույն ձեռք բերված գիտելիքները գործնականում օգտագործելու, տեղեկատվական տարածության մեջ կողմնորոշվելու և ստացած տեղեկույթը քննադատորեն վերլուծելու կարողությունները։ Աշակերտի մոտ ձևավորվում են նաև ինքնավերլուծության և հետազոտական կարողություններ, համագործակցային աշխատանքի և առաջնորդության հմտություններ, հաղորդակցման որակներ և վերջապես սեփական աշխատանքը ներկայացնելու կարողություններ։ Կրթահամալիրում նախագծային ուսումնառության շրջանակում իրականացվում են թիմային նախագծեր տարբեր բնագավառներից՝ 2-11-րդ դասարաններում։ Կրթահամալիրի ավագ դպրոցի 11-րդ դասարանը համարվում է նախագծային ուսումնառության տարի։ Ստորև ներկայացված են 11-րդ դասարանի վերջին տարիներին իրականացրած նախագծերի մանրամասները։



