Category: Իրադարձություններ

Բարեգործական տոնավաճառ
Բարեգործական տոնավաճառ

   Հարգելի՛ բարեկամներ, դեկտեմբեր ամսվա վերջին, աշակերտական խորհրդի նախաձեռնությամբ, կրթահամալիրում կազմակերպվել էր բարեգործական տոնավաճառ։
  Օրեր շարունակ կրթահամալիրում գունեղ, բազմազան և ամանորյա մթնոլորտ էր ստեղծվել․ Նախաձեռնության նպատակի շուրջ համախմբվել էր կրթահամալիրի  ողջ համայնքը․ աշակերտները ներկայանում էին  իրենց բացառիկ, գեղեցիկ ձեռքի աշխատանքներով, ծնողական համայնքը՝  քաղցրանուշ թխվածքներով, քաղցրավենիքներով և ձեռագործ իրերով, մեր արցախցի մայրիկները՝  իրենց պատրաստած ավանդական ժենգյալով հացով:
    Այս տարի բարեգործական տոնավաճառի նպատակն է կրթահամալիրում ռազմագիտության լսարանի վերազինումն ու արդիականացումը։
 Լսարանի վերաբացումը կխորհրդանշվի մեր կրթահամալիրի շրջանավարտ, 44-օրյա պատերազմի անմահ հերոս Արթուր Ասատրյանի անվանակոչմամբ։
  Սիրով տեղեկացնում ենք, որ այս տարվա տոնավաճառի հասույթը կազմեց 735․000 ՀՀ դրամ, որն էլ ամբողջությամբ կուղղվի վերոնշյալ նպատակի իրականացմանը։
   Հատուկ շնորհակալություն ենք հայտնում բարեգործական տոնավաճառի կազմակերպման և իրականացման գործում ներգրավված բոլոր աշակերտներին, ծնողներին և մանկավարժներին։
  Հատուկ շնորհակալություն  նախագծի պատասխանատուներին և  աշակերտական խորհրդի անդամներին, խորհրդի նախագահ Տաթևիկ Գասպարյանի գլխավորությամբ, որոնք մեծ պատասխանատվությամբ ջանք ու եռանդ չխնայեցին  տոնավաճառի կայացման գործում։
  Հատուկ շնորհակալություն նաև արվեստանոցի մեր մանկավարժական թիմին՝ Բիայնա Ասրյանին, Հասմիկ Աբրահամյանին, Աիդա Սահակյանին և Գարիկ Կուչերյանին։
   Ներկայացնում ենք կրթահամալիրում տիրող ակտիվ եռուզեռի ևտոնավաճառի առավել ուշագրավ կադրերը․․․

 

 

Մեկ աշակերտ՝ մեկ ծառ բնապահպանական նախագիծ
Մեկ աշակերտ՝ մեկ ծառ բնապահպանական նախագիծ

  «Փոքրիկ Իշխան» կրթահամալիրի էկո-խմբակը շարունակում է աշխատել․ Մեր գործընկեր «Էյ Թի Փի»-ի հետ երեխաները այժմ իրականացնում են «Մեկ աշակերտ՝ մեկ ծառ» նոր նախագիծ, որի նպատակն է երեխաներին սովորեցնել սերմից ծառ աճեցնել:
  Կրթահամալիրը հյուրընկալել էր «Էյ Թի Փի»-ի բնապահպանության մասնագետ Նվարդ Գևորգյանին․
վերջինս էկո-խմբակի սաների հետ անցկացրեց սեմինար՝ աշակերտներին ծանոթացնելով և մանրամասն տեղեկացնելով, թե ինչպես պետք է տնկել և ինչ պայմաններում աճեցնել կաղնու սերմերը։
  Ուշագրավ ու հետաքրքիր սեմինարից ոգևորված՝ մեր սաներն հանձն առան աճեցնել իրենց կաղնու ծառը և այն վերատնկել անտառային տարածքներում։
  Շնորհակալ ենք «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամին՝ կրթահամալիրի սաներին մշտապես
ընդգրկելու համար բնապահպանական կարևոր նախաձեռնություններում։

 

Օտար լեզուների միամսյակ (ամփոփում)

   «Փոքրիկ Իշխան» կրթահամալիրում աշնան ամենագունեղ ամիս հոկտեմբերը հայտարարված էր «Օտար լեզուների միամսյակ»։
   Կրթահամալիրում հենց վաղ հասակից է ամուր հիմքի վրա դրված, ինչպես մայրենի, այնպես էլ օտար լեզուների ուսուցումը:
   Ըստ տարիքի՝ կրթահամալիրին հատուկ մեթոդիկայով, երեխաները հնարավորինս մատչելի ու ըմբռնելի են ուսուցանում լեզուները։
    Այսպիսով մեկ ամիս շարունակ կրթահամալիրի հագեցած առօրյայի անբաժան մասն էին կազմում գեղեցիկ, տարբերվող, ուսանելի, ինքնատիպ ու բազմատեսակ բաց դասերը, միջոցառումները, վիկտորինաները, ցերեկույթները, ֆլեշմոբերը։
    Տարրական դպրոցից մինչև ավագ դպրոց, ամեն դասարան ներկայանում էր իրեն բնորոշ յուրահատությամբ, գեղեցկությամբ, հետաքրքրությամբ, գրավչությամբ։

  🇩🇪Գերմաներենի օրեր․ ներկայանում են տարրական և միջին դպրոցի սաները։

  • Տառուսուցում։
  • Բառերի և նախադասությունների ճիշտ ու հստակ կազմում։
  • Հայտնի Հանս նապաստակի մասին զրույցներ, քննարկումներ։
  • Սիրելի նապաստակին հյուրասիրություն, խրախուսական նվերներ։
  • Գերմանական երգ ու պար։
  • Բանավոր խոսքի զարգացում։
  • Գերմանալեզու երգերի վարժ ու հստակ կատարում։

🇺🇸Անգլերենի օրեր․ ներկայանում են տարրական, միջին և ավագ դպրոցի սաները․

  • «Ընտանի և վայրի կենդանիներ» թեմայով բաց դաս Երևանի Կենդանաբանական այգում։
  • Համեղ և սիրելի պիցցայի պատրաստում՝ անգլալեզու երգերի կատարմամբ։
  • Խաղ –մրցույթներ։
  • Թեմատիկ պոստերների պատրաստում։
  • «ԱՄՆ» թեմա․ բաց դաս, շնորհանդես, տեսաշար։
  • «Կրթություն» թեմա Հայաստանում, ԱՄՆ-ում․ բաց դաս։
  • «Գնումներ» թեմա թե՛ առկա, թե՛ օնլայն ձևաչափով․ բաց դաս։
  • Անգլալեզու քննարկումներ, հարց ու պատասխան։

🇷🇺Ռուսերենի օրեր․ներկայանում են տարրական, միջին դպրոցի սաները։

  • Բաց դասեր՝

         «На загадку есть отгадка!»,               
         «Пословицы и поговорки»,          
         «Волшебные слова» թեմաներով։

  • Թեմատիկ պոստերների պատրաստում։
  • Ռուսական առած-ասացվածքներ։
  • «Մատրյոշկաների» պատրաստում։
  • Խաղ-մրցույթներ։
  • Հանդիպում գրական ստեղծագործությունների հերոսների հետ։
  • Ազգային երաժշտական գործիքների անունների կռահում՝ըստ հնչեղության։
  • Կատարված աշխատանքների ցուցադրում։
  • Հատուկ մեթոդով տառուսուցում։
  • Քննարկում տառի և բառի կարևորության մասին։
  • Քննարկում քաղաքավարության և փոխօգնության անհրաժեշտության մասին։

Նկարների ծաղկաքաղը ներկայացնում ենք ստորև․․․

Նախապատրաստվելով սեպտեմբերի 1-ին
Նախապատրաստվելով սեպտեմբերի 1-ին

Սիրելի՜ աշակերտներ, ուսուցիչներ, բարեկամներ
Սեպտեմբերի 1-ին՝ աշնանային ամենապայծառ ու գիտելիքաշատ օրը բոլորս կրկին կհամախմբվենք մեր
լուսավոր կրթահամալիրում։
Մեր մոլորակը ներկայանում է ձեզ նորովի, առավել գեղեցկացած, վերանորոգված, գեղեցիկ կահավորված,
կանաչապատված, պայծառ ու տրամադրող գույներով։ Ամենուր փոքրիկ Իշխանի շունչն է և Էքզյուպերյան
գաղափարախոսության մտքերը։
Չնայած համավարակի հետ կապված բոլոր սահմանափակումներին, պահպանելով առողջապահական բոլոր
նորմերը, մեր կրթահամալիրում ստեղծել ենք ամենաջերմ և ուսուցանող միջավայրը։
Բեղնավոր ու հաջողակ նոր ուսումնական տարի ենք մաղթում մեր սաներին՝ միասին բացելու գիտելիքի
աշխարհ տանող ամենակարևոր դուռն ու հարթել գիտելիքի ձեռքբերման արդյունավետ ուղիները։

Պատվոգրեր մենթալ թվաբանության դասընթացների մեր մասնակիցներին
Պատվոգրեր մենթալ թվաբանության դասընթացների մեր մասնակիցներին

   «Փոքրիկ Իշխան» կրթահամալիրը շարունակում է համագործակցել IQ կենտրոնի հետ՝ իրականացնելով 6-11 տարեկան երեխաների մենթալ թվաբանության դասընթացներ։
   Դասընթացները կազմակերպվում են դպրոցում և մեր սաները մեծ ոգևորությամբ են մասնակցում։
   Փետրվարի 5-ին կրկնակի տոն էր դասընթացի մասնակիցների համար․ նախ նշվում էր IQ կենտրոնի չորրորդ տարեդարձը և հետո, երեխաները հաղթահարելով բազմաթիվ խոչընդոտներ, իրենց գիտելիքների շնորհիվ արժանացան պատվոգրերի․ յոթ աշակերտ հաղթահարել են 10-րդ մակարդակը, հինգ աշակերտ՝ 11-րդ մակարդակը, իսկ երկու աշակերտ ճանաչվել են դեկտեմբեր-հունվար ամսվա պորտալի լավագույն սան։
   Շնորհավորում ենք մեր սաներին՝ մաղթելով նորանոր հաղթանակներ և բազում հաջողություններ։

Խոնարհումի, հիշատակի ցերեկույթ, մոմավառություն մեր կրթահամալիրում
Խոնարհումի, հիշատակի ցերեկույթ, մոմավառություն մեր կրթահամալիրում

   Հայրենիքն ապրում է հայրենասիրությամբ և կործանվում դրա պակասից․․․
   Դպրոցում տեղի ունեցավ խոնարհումի և հիշատակի փոքրիկ ցերեկույթ, մոմավառություն՝ նվիրված արցախյան պատերազմում նահատակված մեր քաջորդիներին նաև այն հերոսներին, ովքեր արիաբար կռվեցին, վերադարձան՝ վաղվա հաղթանակի հետևից գնալու սպասումով։
   Այսօր առավել քան երբեք մեր սերունդը գիտակցում է հայրենասիրության վեհ գաղափարն ու կարևորությունը։
   Մինչ ցերեկույթը ավագ դպրոցի սաներն այցելել էին Եռաբլուր՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու զոհված զինվորների հիշատակին։
   Միջանցքում մեր հերոսների նկարներն են և արտասովոր լռության մեջ այդ նկարներն առավել քան խոսուն են։
   Ավագ դպրոցի աշակերտներն իրենց սրտի խոսքն են հղում՝ զգալով պահի խորհուրդը և ոգու մեջ պահելով նժդեհյան, ուժեղանալու և վաղվա հաղթանակի տերը դառնալու գաղափարախոսությունը ․․․
   Լուսանկարներում մեր քաջորդիների անվախ աչքերն են, խրոխտ հայացքն ու վեհ կեցվածքը, որ առավել պարտավորեցնում է, փոխանցում հայրենասիրական, անկոտրում ոգի և անպարտելի ուժ։
    Մեր ուղին միշտ էլ դժվար է, իսկ նպատակը՝ վեհ։
    Փա՜ռք քեզ հայ զինվո՛ր, քանզի դու գնալով գիտակցված մահվան, հավերժ անմահացար․․․․

 

Հանուն Արցախի բարեգործական տոնավաճառ
Հանուն Արցախի բարեգործական տոնավաճառ

   Կրթահամալիրում մեկնարկեց «Հանուն Արցախի» ամանորյա բարեգործական տոնավաճառը, որի ողջ հասույթն ուղղվելու է Արցախից եկած ընտանիքներին։
   Հարուստ ու բազմագույն էր մեր տոնավաճառը․ ներկայացվեցին մեր սաների ձեռքով պատրաստված
գունեղ, տարբերվող ու բազմատեսակ աշխատանքները, հուշանվերները, բացիկներն ու էկո զարդերը,
ծնողական համայնքի կողմից տարատեսակ ձեռքի աշխատանքները, քաղցրավենիքն ու անուշեղենը և
կրթահամալիրում սովորող արցախցի երեխաների մայրիկների պատրաստած ամենահամեղ ու ավանդական ժենգյալով հացը։
   Պահպանելով համաճարակային բոլոր կանոնները՝ պետք է փաստենք, որ բարեգործական տոնավաճառին մասնակցությունը բավականին մեծ էր, ինչն իրապես ուրախալի է և ողջունելի․ տոնավաճառից գոյացած երկու օրվա հասույթը կազմեց մոտ 200․000 դրամ։
  Տեղեկացնենք, որ նախաձեռնող խումբը այս ընթացքում զբաղվում է նաև արցախցի ընտանիքներին
այցելելով և նրանց կարիքի գնահատմամբ. վստահեցնում ենք, որ հավաքված ողջ գումարը նպատակային կուղղվի ծանր վիճակում գտնվող մեր հայրենակիցների աջակցությանը։
  Շնորհակալ ենք բոլորին, ովքեր իրենց մասնակցությունն ու փոքրիկ ներդրումն ունեցան հանուն Արցախի։

Ամենամյա Բնապահպանական երիտասարդական գիտաժողով Բեռլինում
Ամենամյա Բնապահպանական երիտասարդական գիտաժողով Բեռլինում

  Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում կայացավ ամենամյա 4-րդ բնապահպանական երիտասարդական կոնֆերանսը, որը Գյոթե ինստիտուտի կողմից կազմակերպած` «Դպրոցը հանուն շրջակա միջավայրի» միջազգային ծրագրի վերջին ակորդն էր: 2017թ․-ին ներկայացվել էր 230 նախագիծ տարբեր երկրներից` Ռուսաստան, Ղազախստան, Չինաստան, Ուկրաինա, Վրաստան և այլն: Միջազգային ժյուրիի կողմից ընտրվել էին 15 լավագույնները, որոնց թվում էր Հայաստանը ներկայացնող «Փոքրիկ Իշխան» կրթահամալիրի` «Ավելի քիչ սննդային մնացորդներ աղբամանում. եկեք նվազեցնենք սննդային թափոնները դպրոցի խոհանոցում» նախագիծը:
  Այսօր աշխարհում առկա են առաջնային համարվող բնապահպանական մի շարք խնդիրներ,
որոնց այլ կերպ անվանում ենք համամոլորակային էկոլոգիական հիմնախնդիրներ: Դրանք պահանջում են շուտափույթ եւ բազմակողմանի լուծումներ: Երևանի «Փոքրիկ Իշխան» կրթահամալիրը, կարևորելով բնապահպանության դերը շրջակա միջավայրում, բազմաթիվ միջոցառումներ ու ծրագրեր է իրականացնում` բարձրացնելով էկոլոգիական համակարգում առկա հիմնախնդիրների լուծմանը միտված հարցեր, որոնց մշտապես ակտիվորեն մասնակցում են տարբեր դասարանների աշակերտներ:
  Բեռլինում կրթահամալիրի թիմը ներկայացրին կենսաբանության ուսուցչուհի Ռուզաննա Սիմոնյանը, գերմաներենի ուսուցչուհի Օֆելյա Նազարյանը, 10-րդ դասարանի սաներ Նանե Շահբազյանը, Պետրոս Հովհաննիսյանը եւ Իրինա Գևորգյանը:
  Նախագծի նպատակների, խնդիրների և արդյունքի կարևորության մասին պատմում են ուսուցիչներն ու սաները. 2015 թվականից այս մրցույթի շնորհիվ աշխարհի տարբեր երկրներում դպրոցականները լուծում են բնապահպանական խնդիրներ: 7-11-րդ դասարանների աշակերտներն իրենց շրջապատում գտնում են որևէ էկոլոգիական խնդիր, հետազոտում այն ու առաջարկում լուծման ճանապարհներ:
  Այնուհետև մշակվում է պլան, թե ինչպես պետք է հասարակայնացնել խնդիրը, ապա կյանքի կոչել նախագիծը, որի ակնկալվող արդյունքն է ստեղծել կանաչ օրգանական բանջարանոց ողջ տարվա համար, ստանալ էկոլոգիապես մաքուր, օգտակար, անվնաս, առողջարար բանջարեղեն: Այս ամենն արվեց գերմաներեն լեզվով` կիրառելով «առարկայի և լեզվի ինտեգրված ուսուցում» մեթոդը:
  Նախագծի շրջանակներում մի շարք հանդիպումներ տեղի ունեցան բնապահպանական կազմակերպությունների հետ, իրականացվեցին ուսումնասիրություններ և հարցումներ: Արդյունքում` պարզ դարձավ, որ ամենօրյա օգտագործվող
ռեսուրսների միայն 6 տոկոսն է վերածվում օգտակար արտադրանքի, իսկ մնացյալ մասը վերածվում
է թափոնի: Սննդային մեծ ծավալները կորչում են խանութներում, տանը, սննդի տեղափոխման, պահեստավորման և վերամշակման ընթացքում և այլն:
  Նախագծի իրականացման համար անհրաժեշտ էին 5 լիտրանոց պլաստիկ ամաններ, տարբեր օրգանական թափոններ, հող, ջուր և տերմոմետր: Մանակիցները, կտրելով պլաստիկ ամանների վերնամասը, լցրեցին կիսով չափ սննդային մնացորդներ, ծղոտ, թուղթ, չոր տերևներ: Խառնուրդը թրջեցին և թողեցին բացօթյա վիճակում:
  Ջերմաստիճանը տատանվում էր 41 C – 63 C: Մեկ շաբաթ անց վրան լցրեցին հող և ցանեցին սերմեր: Սննդային մնացորդների փտումից անջատված բնական ջերմային էներգիան և խոնավությունը, նպաստեցին սերմերի արագ ծլմանն ու աճին: Արդյունքը էկոլոգիապես մաքուր բանջարեղենն էր, որն օգտագործվեց դպրոցի ճաշարանում:
  Բեռլինում արդեն «Փոքրիկ Իշխան»-ի նախագիծն արժանացավ բարձր գնահատանքի: Կոնֆերանսի շրջանակներում միջթիմային հանդիպումներն իրականացվում էին գերմաներեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով, որին ակտիվորեն մասնակից դարձավ հայաստանյան թիմը` կարողանալով ապահովել 3 լեզուներով հաղորդակցությունն ու թարգմանությունը տարբեր երկրներ ներկայացնող թիմերի միջև: Կոնֆերանսից դուրս վերջիններս շրջեցին և ծանոթացան Բեռլինի տեսարժան վայրերին:
  Գերմանիայից կրթահամալիրի թիմը վերադարձավ պատվոգրերով և վառ տպավորություններով:

Զատկի տոնն «Փոքրիկ Իշխան» կրթահամալիրում
Զատկի տոնն «Փոքրիկ Իշխան» կրթահամալիրում

Ունենք գույն-գույն ձվիկներ,
Դեղին, կանաչ ու կարմիր,
Զատկի տոնն ենք մենք նշում,
«Փոքրիկ Իշխան» դպրոցում…
  Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը՝ Զատիկը, «Փոքրիկ Իշխան» կրթահամալիրի բազմաժանր տոների ցանկում այևս իր գունեղ ու յուրատեսակ տեղը կզբաղեցնի։ Հրաշալի ու ինքնատիպ մի տոնախմբություն, որն տեղի ունեցավ մեր կրթահամալիրում, իր տեսակով տարբերվող ու բացառիկ էր։ Զատկական մշակույթը համակել ու հավաքել էր բոլորին՝ թե՛ աշակերտներին, թե՛ ուսուցիչներին, թե՛ ծնողներին և թե՛ մեր դպրոցի լավ ու հարազատ բարեկամներին։
  Ամբողջովին զատկական շունչն էր թևածում դպրոցում, իսկ գարնանային ու զատկական գույները դպրոցի միջանցքներում իսկական շուրջպար էին բռնել՝ տարածվելով ու տոնական տրամադրությունը փոխանցելով բոլոր ներկաներին։ Ամեն մի դասարան ներկայացավ իր ինքնատիպ ու գեղեցիկ զատկական սեղանով՝ երեխաների ձեռքի թեմատիկ աշխատանքներով, տոնին բնորոշ ավանդական ուտեստներով, բացառիկ ու յուրօրինակ իրերով, ջերմությամբ ու բարությամբ, սիրով ու խնդությամբ։
  Ներկաները ականատես եղան հայկական ավանդական ծիսակատարության թատերական փոքրիկ ներկայացման, զատկական խաղիկների, երգ ու պարի, ավանդական պատմությունների ու հետաքրքիր տեղեկությունների։
  Շրջայց տոնախմբությունն իրականում երկար ու քրտնաջան աշխատանքի արդյունքն էր․ մեր ուսուցիչներն ու երեխաները մեծ ոգևորությամբ ու պատասխանատվությամբ էին մոտեցել տոնի խորհրդին և առավել քան գեղեցիկ ներկայանալու կարևոր խնդրին։
  Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր օգնեցին և աջակցեցին մեզ այսօրվա փայլուն ու վառ տոնախմբությունն իրականացնելու համար։
  Շնորհակալ ենք մեր բոլոր ուսուցիչներին, հատկապես դպրոցի գեղ․ ղեկավար Մարգարիտ Շահվալադյանին, տեխնոլոգիայի ուսուցչուհի Հասմիկ Աբրահամյանին, նկարչության ուսուցչուհի Բիայնա Ասրյանին, Աիդա Սահակյանին և բոլոր այն ծնողներին, ովքեր օգնեցին ու աջակցեցին մեզ։
  Հին հայկական տոներն ու ավանդույթները շարունակվում են և գեղեցիկ մատուցվում՝ ի դեմս մեր սրտացավ ու գիտակ մանկավարժների։

«Լույսի մոլորակ» մոր և մանկան էքսպո-կոնֆերանս
«Լույսի մոլորակ» մոր և մանկան էքսպո-կոնֆերանս

  Մարտի 23-ին կայացավ «Լույսի մոլորակ» մոր և մանկան էքսպո-կոնֆերանսը, որի փոքրիկ, գողտրիկ ու հյուրընկալ անկյուններից մեկը զբաղեցնում էր մեր կրթահամալիրի տաղավարը:
  Ջերմ ու անկաշկանդ մթնոլորտ, յուրօրինակ ձեռքի աշխատանքներ,էկո զարդեր և պայուսակներ, չկրկնվող հուշանվերներ և այս ամենի հետ մեկտեղ՝ հետաքրքիր անակնկալներ և բազմազան խաղեր, անսահման ուրախ մայրիկներ ու փոքրիկներ:
  Առավել տպավորիչ էր մեր կրթահամալիրի թատերական ստուդիայի սաների փայլուն ելույթը, որի ժամանակ ներկա էր նաև ՀՀ վարչապետի տիկին՝ Աննա Հակոբյանը: Իսկապես, մեր աստղերը փայլեցին իրենց անզուգական խաղով՝ մեծ ոգևորություն և հաճելի պահեր պարգևելով ներկաներին: