Month: February 2021

Պատվոգրեր մենթալ թվաբանության դասընթացների մեր մասնակիցներին
Պատվոգրեր մենթալ թվաբանության դասընթացների մեր մասնակիցներին

   «Փոքրիկ Իշխան» կրթահամալիրը շարունակում է համագործակցել IQ կենտրոնի հետ՝ իրականացնելով 6-11 տարեկան երեխաների մենթալ թվաբանության դասընթացներ։
   Դասընթացները կազմակերպվում են դպրոցում և մեր սաները մեծ ոգևորությամբ են մասնակցում։
   Փետրվարի 5-ին կրկնակի տոն էր դասընթացի մասնակիցների համար․ նախ նշվում էր IQ կենտրոնի չորրորդ տարեդարձը և հետո, երեխաները հաղթահարելով բազմաթիվ խոչընդոտներ, իրենց գիտելիքների շնորհիվ արժանացան պատվոգրերի․ յոթ աշակերտ հաղթահարել են 10-րդ մակարդակը, հինգ աշակերտ՝ 11-րդ մակարդակը, իսկ երկու աշակերտ ճանաչվել են դեկտեմբեր-հունվար ամսվա պորտալի լավագույն սան։
   Շնորհավորում ենք մեր սաներին՝ մաղթելով նորանոր հաղթանակներ և բազում հաջողություններ։

Խոնարհումի, հիշատակի ցերեկույթ, մոմավառություն մեր կրթահամալիրում
Խոնարհումի, հիշատակի ցերեկույթ, մոմավառություն մեր կրթահամալիրում

   Հայրենիքն ապրում է հայրենասիրությամբ և կործանվում դրա պակասից․․․
   Դպրոցում տեղի ունեցավ խոնարհումի և հիշատակի փոքրիկ ցերեկույթ, մոմավառություն՝ նվիրված արցախյան պատերազմում նահատակված մեր քաջորդիներին նաև այն հերոսներին, ովքեր արիաբար կռվեցին, վերադարձան՝ վաղվա հաղթանակի հետևից գնալու սպասումով։
   Այսօր առավել քան երբեք մեր սերունդը գիտակցում է հայրենասիրության վեհ գաղափարն ու կարևորությունը։
   Մինչ ցերեկույթը ավագ դպրոցի սաներն այցելել էին Եռաբլուր՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու զոհված զինվորների հիշատակին։
   Միջանցքում մեր հերոսների նկարներն են և արտասովոր լռության մեջ այդ նկարներն առավել քան խոսուն են։
   Ավագ դպրոցի աշակերտներն իրենց սրտի խոսքն են հղում՝ զգալով պահի խորհուրդը և ոգու մեջ պահելով նժդեհյան, ուժեղանալու և վաղվա հաղթանակի տերը դառնալու գաղափարախոսությունը ․․․
   Լուսանկարներում մեր քաջորդիների անվախ աչքերն են, խրոխտ հայացքն ու վեհ կեցվածքը, որ առավել պարտավորեցնում է, փոխանցում հայրենասիրական, անկոտրում ոգի և անպարտելի ուժ։
    Մեր ուղին միշտ էլ դժվար է, իսկ նպատակը՝ վեհ։
    Փա՜ռք քեզ հայ զինվո՛ր, քանզի դու գնալով գիտակցված մահվան, հավերժ անմահացար․․․․