Նախադպրոցական տարիք

 Նախադպրոցական տարիքն ընդգրկում է 3-7 տարեկան հասակը։ Այն բաժանվում է 3 փուլի՝
• վաղ
• միջին
• ավագ նախադպրոցական տարիք։
       Նախադպրոցական տարիքում երեխան սկսում է պարտականություն ձեռք բերել։ 3-4 տարեկան հասակում երեխան ակտիվորեն ինքնահաստատվում է․ նրա մոտ ձևավորվում է նախաձեռնողականություն, նպատակասլացություն և մեղքի զգացում։ Ձևավորվում է աշխարհայացքը բարոյաէթիկական հասկացությունները, դրդապատճառները, ինքնագնահատականը և  իր տեղը մեծահասակների հարաբերությունների համակարգում։

Ավագ նախադպրոցական տարիքում, երբ բարդանում է շփումը մեծահասակների հետ, երեխան ինքն է հաճախ որոշում իր հարաբերությունները ինչ-որ բանի նկատմամբ, գնահատում է իր արարքները և դժվարությամբ է ընտրություն կատարում դրդապատճառի միջև։ Նախադպրոցական տարիքում կտրուկ կերպով աճում են ֆիզիկական և հոգեկան զարգացման հնարավորությունները, առաջացնելով նոր պահանջմունքներ, հետաքրքրությունները։             
        Նախադպրոցական տարիքում փոփոխություն է լինում ակտիվության ոլորտում, եթե 2 տարեկան երեխաները հաճույքով կատարում են տարբեր շարժումներ՝ թռչկոտել, վազել և այլն, ապա նախադպրոցականները ավելի հաճախ են իրենց ակտիվությունը ուղղում ցանկալի արդյունքների հասնելու համար։ Փոխվում է նախադպրոցականի հարաբերությունները հասակակիցների հետ։ Նրանք ցանկանում են խաղալ այլ երեխաների հետ։

Ավագ նախադպրոցականները ընդհանրապես չեն սիրում միայնակ խաղալ՝ ձգտում են ինչ-որ բան պատմել ընկերոջը, նրա հետ միասին կատարել աշխատանքային հանձնարարությունը, նրանք անհանգստանում են մեկը մյուսի համար, առանց ընկերների ձանձրանում են։
        Վաղ նախադպրոցական տարիքից մինչև ավագ նախադպրոցական տարիք էական զարգացում է ապրում մտածողությունը։ Խոսքի զարգացմանը զուգընթաց այլ մարդկանց հետ երկխոսության զարգացման արդյունքում մտածողությունը անցնում է դեպի կոնկրետ գործառնությունների մակարդակ։ Մեծերի շփման պրոցեսում աստիճանաբար զարգանում է երեխայի խոսքը։ Նա սկսում է տիրապետել ծավալուն խոսքին կարողանում է արտահայտել իր զգացմունքներն ու պահանջները։ 4-6 տարեկան երեխաները, գործելով առարկաների հետ ցանկանում են իմանալ նրա կառուցվածքը, նշանակությունը, օգտագործման ձևը և այլն։ 5-6 տարեկանում շատանում են հարցերը երեխաների մոտ, որը մեծահասակների հետ շփման ձև է։ Եթե դաստիարակը աջակցում է երեխայի հարցերին, ապա ձևավորվում են անձի արժեքավոր գծեր՝ հետաքրքրասիրություն, հարցասիրություն, դիտողականություն։

         Նախադպրոցական տարիքի վերջում՝ երեխային անհրաժեշտ է նախապատրաստել ուսուցմանը՝ դպրոցում։ Դպրոցում սովորելու համար երեխայից պահանջվում է մտավոր, հուզական և սոցիալական զարգացվածության որոշակի մակարդակ։ Երեխան պետք է կարողանա խոսել, մտածել, արտահայտել իր մտքերն ու զգացմունքներն, ունենա որոշակի բառապաշար, կարողանա կատարել տարրական տրամաբանական մտահանգնումներ։
Շատ կարևոր է երեխայի մոտ նախապես ձևավորել որոշակի դիրքորոշում դպրոցական դառնալու, դպրոցում սովորելու նկատմամբ։ 6 տարեկան երեխաների մեծ մասը ձգտում է աշակերտ դառնալ, բայց ոչ բոլոր դեպքերում են նրանք բավականաչափ հստակորեն պատկերացնում, թե ինչ է իրենից ներկայացնում սոցիալական այդ դիրքը։ Երբեմն նրանց գրավում է գործի միայն արտաքին կողմը․ նրանք ցանկանում են պայուսակ ունենալ, մեծ համարվել, գնահատականներ ստանալ և այլն: