Ընթերցանությունը մտքի համար նույնն է,ինչ ֆիզիկական վարժությունը`մարմնի

Ինչպես նշում է անգլիացի պոետ Ադիսոնը. «Ընթերցանությունը մտքի համար նույնն է,ինչ  ֆիզիկական վարժությունը`մարմնի»։ Իսկ ահա հանճարեղ Չարենցը գրքերի աշխարհը անեզր տիեզերքի է նմանեցնում՝ ձոնելով գրքերի հատուկ տաղ։ Մարդկության պատմության մեջ չկա մի հանճար, որ բացառի ընթերցանության ու գրքի կարևորությունը։ Անգամ գիտնականներն են ապացուցել, թե ինչ կարևորություն ունի ընթերցանությունը մարդու համար։ Այն ոչ միայն օգնում է, որպեսզի դառնաք խելացի, այլ նաև կարող է, ըստ էության, բարելավել ձեր ուղեղի աշխատանքը: Ինչպես օրինակ վազքը բարելավում է ձեր սրտանոթային համակարգի աշխատանքը, պարբերական ընթերցանությունը բարելավում է հիշողությունը՝ մարզելով ձեր ուղեղը: Տարիքի հետ հիշողությունն ու ուղեղի աշխատանքը թերանում են, սակայն ընթերցանությունը օգնում է դանդաղեցնել այդ գործընթացը՝ ավելի սթափ պահելով միտքը։ Ուղեղի հաճախակի վարժանքները կարող են իջեցնել ուղեղի ծերացումը շուրջ 32 տոկոսով։

Չնայած նրան, որ ավելի ու ավելի շատ մարդիկ ձեռք են բերում էլեկտրոնային գրքեր՝ արժե հուսալ, որ տպագիր գրքերը չեն պատրաստվում վերանալ: Մարդիկ, ովքեր կարդում են էլեկտրոնային գրքեր, այնուամենայնիվ դեռ շարունակում են կարդալ նաև տպագիր: Եվ չնայած մենք բոլորս կողմնակից ենք թվային հարմարավետությանը, սակայն չենք կարող մեզ զրկել հին տպագիր գրքեր կարդալու հաճույքից:

Չկա ավելի լավ բան, քան հին գրքերի հոտը կամ նորի հիմքի ճեղքվածքը. գումարած՝ դուք երբեք չունեք մարտկոցների հետ կապված խնդիր):  Եվ ստացվում է, որ այս ամենը օգտակար է նաև ձեր առողջության և երջանկության համար:

Որքան շատ եք կարդում, այդքան ավելի շատ բաներ եք իմանում: Լավ գիրքը բացում է ձեր առջև մի ամբողջ գիտելիքների աշխարհ՝ սկսած շատ երիտասարդ տարիքից: Գեղարվեստական գրականությունը օգնում է իր ընթերցողներին հասկանալ, թե ինչ են մտածում մյուսները՝ կարդալով այլ մարդկանց հոգեաշխարհի մասին։ Ազդեցությունը շատ ավելի մեծ է նրանց համար, ովքեր կարդում են գեղարվեստական գրականություն, ի տարբերություն նրանց, ովքեր կարդում են մասնագիտական գրականություն:

Ընթերցանությունը քնելուց առաջ կարող է օգնել ձեզ ավելի լավ քնել: Այն դարձնելով սովորություն՝ ձեր ուղեղին ազդանշան եք տալիս, որ ժամանակն է գնալ քնելու: Գրքի ընթերցանությունը ձեզ ավելի շատ է հանգստացնում, քան քնից առաջ էկրանին նայելը: Պլանշետների և էլեկտրոնային գրքերի էկրանները, ըստ էության, ձեզ պահում են արթուն ավելի երկար և նույնիսկ վնասում ձեր քունը: Դա վերաբերում է նաև երեխաներին:

Ծնողները ցանկանում են, որ իրենց երեխաները ավելի շատ կարդան հաճույքի համար, և նրանք, ովքեր ցանկանում են խրախուսել իրենց երեխաներին դառնալ գրքասեր, կարող են սկսել տանը բարձրաձայն կարդալուց: Օրինակ բարձրաձայն կարդալը երեխաներին փոքր տարիքից կարող է ոգեշնչել դառնալ հաճախակի ընթերցող կամ երեխա, ով կարդում է շաբաթը հինգից յոթ օր ուղղակի հաճույքի համար: Սա լավ ձև է այն հոբբի դարձնելու համար: Մանկական գրքերը երեխաների բառապաշարը ավելացնում են ավելի քան 50 տոկոսով, ի տարբերություն հեռուստատեսության:

Վաղ տարիքից շատ ընթերցելը հիմք է հանդիսանում հետագայում ավելի բարձր մտավոր ունակություններ ունենալու: Մարդու բազմակողմանի զարգացման հիմքը դրվում է կրտսեր դպրոցում: Տարրական դասարանների մայրենի լեզվի դասընթացում կարևոր բաժին է հատկացվում ընթերցանությանը: Դրա նպատակն է՝ զարգացնել կարդալու, պատմելու կարողությունները, հարստացնել խոսքն ու բառապաշարը, ճանաչողական գիտելիքները: Շատ ընթերցելը կարող է ավելի դյուրին դարձնել երեխայի շփումը շրջապատի հետ:

Մի քանի համաշխարհային նշանակության մեծերի ասույթներ ընթերցանության մասին։

►  Պատահական հանդիպումը լավ գրքի հետ կարող է ընդմիշտ փոխել մարդու ճակատագիրը: Մարսել Պրևո

► Գրքերը հեռավորների ու ննջեցյալների ձայներն են. նրանք մեզ դարձնում են անցած դարերի հոգևոր կյանքի ժառանգորդները: Չենինգ

► Սկզբից կարդացեք ամենալավ գրքերը, այլապես կարող է այնպես պատահել, որ չկարդաք դրանք ընդհանրապես: Թորո

►Գրքերն ապահով ու սառը բարեկամներ են: Վիկտոր Հյուգո

► Գիրքը պետք է կարդալ մատիտը կամ գրիչը ձեռքին։ Ոչ մի բան այնպես չի ձևավորում ճաշակն ու դատողությունների ճշտությունը, ինչպես դուր եկած հատվածն արտագրելու կամ խորիմաստ միտքը նշելու սովորությունը: Անդրե Մորուա

► Մեզանից յուրաքանչյ­ուրը մյուսների համար փակ գիրք է: Ռոմեն Ռոլան

► Լավ գիրքն այն գիրքն է, որ գրել է լավ մարդը: Վիլյամ Սարոյան

► Կյանքը պետք է լցված լինի գրքերով, որոնք լի են կյանքով: Մարկ Ավրելի

► Գրքերն աշխարհի արտացոլանքն են, որոնք պարունակում են նրա անսահման խորությունը, բազմազանությունն ու անկանխատեսելիությունը: Ժան Պոլ Սարտր

► Գիրքը լավն է, եթե հեղինակը նրանում արտահայտում է միայն այն, ինչ պետք է, և անյպես, ինչպես պետք է: Արիստոտել

► Գրքերը նույն թշնամիներն ունեն, ինչ մարդիկ` կրակը, խոնավությունը, կենդանիները, եղանակը և իրենց սեփական բովանդակությունը: Պոլ Վալերի

► Հիշեք. այն ինչ դուք ձեզանից ներկայացնում եք, որոշվում է նրանով, թե ինչ եք դուք կարդում: Ջիմ Ռոն