Կրտսեր դպրոցական տարիք

Կրտսեր դպրոցական տարիք, անհատի օնտոգենետիկ զարգացման փուլ, մանկության գագաթնակետը։ Երեխան պահպանում է մանկական շատ որակներ՝ թեթևամտությունը, միամտությունը։ Բայց նա արդեն սկսում է կորցնել մանկական անմիջականությունը վարքում, նրա մոտ առաջանում է մտածողության ուրիշ տրամաբանություն։ Ուսումը նրա համար նշանակալից գործունեություն է։ Դպրոցում երեխան ձեռք է բերում ոչ միայն նոր գիտելիքներ, կարողություններ, այլև որոշակի սոցիալական կարգավիճակ։ Փոխվում են հետաքրքրությունները, արժեքները, երեխայի կյանքի ամբողջ դրվածքը։

Երեխայի հոգեկան զարգացման պարբերացման մեջ նախադպրոցական տարիքն ունի որոշակի սահմաններ՝ 3-ից 7 տարեկան։ 7 տարեկանի <<ճգնաժամ>>ը անցումային տարիք է և կարծես թե բաժանում է նախադպրոցական տարիքը կրտսեր դպրոցական տարիքից։ Այնուամենայնիվ,այսօր երեխաները դպրոց են ընդունվում ոչ թե 7, այլ 6 տարեկանից։ Սրա հետ կապված առաջանում են բազում հարցեր: Եթե 6 տարեկան երեխան սկսում է սովորել դպրոցում, արդյո՞ք սա նշանակում է, որ նա արագ է զարգանում, օգտակար է, արդյո՞ք այս տարիքում ներառվել ուսումնական գործունեության մեջ, ի՞նչ է նշանակում հոգեբանական պատրաստվածություն  դպրոցին։

6 տարեկան առաջին դասարանցին իր հոգեկան զարգացման  մակարդակով մնում է դեռ նախադպրոցական։ Նա պահպանում է այդ տարիքին բնորոշ մտածողության առանձնահատկությունները, նրա մոտ գերակայում է ոչ կամային հիշողությունը, ուշադրության յուրահատկությունն այնպիսինն է, որ երեխան ընդունակ է արդյունավետ զբաղվել միևնույն  գործով 10-15 րոպեից ոչ ավել։

6 տարեկան երեխայի անձի առանձնահատկությունները լրացուցիչ  դժվարություններ են առաջացնում ուսման գործընթացում։ Ուսման խնդիրներին համապատասխանող ճանաչողական դրդապատճառները դեռ անկայուն և իրավիճակային են, դրա համար էլ դասերի ժամանակ երեխաների մեծամասնության մոտ այն դրդապատճառները դրսևորվում և պահպանվում են ուսուցչի ջանքերի շնորհիվ։ Բարձր ինքնագնահատականը շատ երեխաների մոտ հանգեցնում է նրան, որ նրանք դժվարանում են հասկանալ մանկավարժական գնահատման չափանիշները։ Իրենց ուսումնական գործունեության գնահատականը նրանք համարում են ամբողջ անձի գնահատական։ Բացասական գնահատականները, դիտողությունները նրանց մոտ առաջացնում են տագնապայնություն, անհարմարության վիճակ, ինչի հետևանքով աշակերտներից շատերը դառնում են պասիվ։ Երեխայի հուզական վիճակից կախված վարքի անկայունությունը դժվարացնում է ինչպես մանկավարժի հետ հարաբերությունները, այնպես էլ դասի ժամանակ երեխաների կոլեկտիվ աշխատանքը։

Հոգեբանական պատրաստվածությունը դպրոցին բարդ կազմավորում է, որը պահանջում է դրդապատճառային, ինտելեկտուալ, կամային ոլորտների  զարգացման բարձր մակարդակ։ Սովորաբար առանձնացնում են հոգեբանական պատրաստվածության երկու ասպեկտներ՝ անձնային և ինտելեկտուալ։ Երկուսն էլ կարևոր են ինչպես ուսումնական գործունեության հաջող ընթացքի, այնպես էլ նոր պայմաններին արագ հարմարման համար։

Նոր սոցիալական դիրքի նկատմամբ  երեխայի ձգտումը նախադրյալ է և հիմք կրտսեր դպրոցական տարիքում հոգեբանական շատ առանձնահատկությունների կայացման համար։ Մասնավորապես, պատասխանատվությունը  դպրոցական պարտականությունների կատարման համար. երեխան սկսում է կատարել ոչ միայն իրեն հետաքրքիր առաջադրանքները, այլև ցանկացած ուսումնական աշխատանք։

Դպրոց ընդունվող երեխայի համար կարևոր է նաև ուսուցչի, տարիքակիցների և իր նկատմամբ  վերաբերմունքը։ Նախադպրոցական տարիքի վերջում պետք մեծահասկների հետ հաստատվի ոչ իրավիճակային-անձնային շփում։

Ուսուցանման դաս-դասարանային համակարգը ենթադրում է ոչ միայն ուսուցչի հետ, այլև այլ երեխաների հետ հատուկ հարաբերություններ։ Ուսումնական գործունեությունն իր բնույթով կոլեկտիվ գործունեություն է։ Աշակերտները պետք է սովորեն միմյանց հետ գործնական հաղորդակցմանը, արդյունավետ փոխազդելու կարողությանը՝ կատարելով համատեղ  ուսումնական գործողություններ։ Հասակակիցների հետ շփման նոր ձևը հաստատվում է դպրոցական ուսուցման հենց սկզբից։

Հոգեկան զարգացման բարձր մակարդակով 6 տարեկան երեխաների համար բնութագրական է համագործակցային-մրցակցային շփումը տարիքակիցների հետ։ Նրանք հետևում են ընդհանուր խաղային նպատակին, բայց միմյանց համարում են մրցակիցեր, հակառակորդներ։ Նրանք պլանավորում են իրենց գործողությունները՝ կանխատեսելով արդյունքը, հետևելով ընկերոջ գործողություններին, փորձելով նրան խանգարել։

7 տարեկանի ճգնաժամ

Անկախ այն բանից, թե երբ է երեխան դպրոց գնում՝ 6, թե 7 տարեկանում, նա իր զարգացման որոշակի շրջանում անցնում է ճգնաժամի միջով։ Այդ բեկումը կարող է սկսվել 7 տարեկանից, բայց կարող է և տեղավորվել 6-8 տարեկանների արանքում։ Ինչպես ցանկացած ճգնաժամ, 7 տարեկանի ճգնաժամը խիստ կապված է իրավիճակի խիստ փոփոխությունների հետ։ Կարևոր այն է, թե ինչպես է երեխան ապրում այն հարաբերությունների համակարգը, որում ներառված է. լինի դա կայուն կամ խիստ փոփոխվող հարաբերություններ։ Փոխվել է հարաբերությունների համակարգում սեփական տեղի ընկալումը, նշանակում է, փոխվում է զարգացման սոցիալական իրադրությունը, և երեխան հայտնվում է նոր տարիքային փուլի սահմանին։

Կրտսեր դպրոցական տարիքում գերակայող ֆունկցիան մտածողությունն է։ Դրա շնորհիվ ինտենսիվորեն զարգանում, վերակառուցվում են հենց մտածական գործընթացները, իսկ մյուս կողմից, ինտելեկտից է կախված մնացած հոգեկան ֆունկցիաների զարգացումը։

Եթե երեխան դպրոց է գնում՝ ընդունելով ծնողների արժեքները և հավակնությունները, ապա ավելի ուշ նա այս կամ այն չափով սկսում է կողմնորոշվել իր գործունեության արդյունքների, իր իրական առաջադիմության և հասակակիցների շրջանում կարգավիճակի վրա։ Դպրոցը և ընտանիքը ինքնագիտակցության զարգացման արտաքին գործոններն են։ Նրա զարգացումը կախված է երեխայի տեսական ռեֆլեքսիվ  մտածողության զարգացվածությունից։ Կրտսեր դպրոցական տարիքի ավարտին առաջանում է ռեֆլեքսիան և դրանով իսկ ստեղծվում են ինքնագնահատականի և անձնային որակների ձևավորման համար նոր հնարավորություններ։